«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան խոսել է այն մասին, որ նախորդ մրցաշրջանի ավարտին կարող էր հեռանալ լոնդոնյան ակումբից, բայց արդյունքում մնաց։
«Իմ իրավիճակը բացառիկ էր։ Ակումբի համար անցկացրած 30 խաղերը պետք է գործարկեին իմ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգման տարբերակը, բայց մարտին ես դեռ չէի հասել այդ նշագծին, և այդ ժամանակ մենք արդեն պատժամիջոցների տակ էինք: Ես կարող էի հունվարին պայմանագիր ստորագրել, որ ամռանը որպես ազատ գործակալ միանայի արտասահմանյան թիմի, բայց իմ մտքերում դա չկար: Ես ցանկանում էի ակումբի հետ լինել բարդ իրավիճակում։
Պայմանագրի ժամկետի և աշխատավարձի տեսանկյունից լավագույն տարբերակներն ունեի, բայց դա այն չէր, ինչ ես ուզում էի ընտրել։ Ես արդեն ավելի քան 10 տարի է ակումբում եմ։ Ես երկրպագուների, թիմի, աշխատակիցների հետ զարմանալի հարաբերություններ ստեղծելու շանս եմ ունեցել։ Չէի կարող հեռանալ։
Դա այն ակումբին, որն ինձ ամեն ինչ տվել է, հավատարիմ լինելու հարց էր։ Ես նրանց հետ բոլոր տիտղոսները նվաճել եմ։ Մենք ճանաչվել ենք աշխարհի լավագույն ակումբ։ Ինձ ավագ են դարձրել։
Արդյունքում ևս մեկ պայմանագիր կնքեցի՝ վստահելով նոր սեփականատիրոջն ու նոր դարաշրջանին։ Զղջացե՞լ եմ, որ չեմ տեղափոխվել «Բարսելոնա»։ Երբե՛ք»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։