Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ ունեցած խնդիրներին:
Նա ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին մենամարտի է հրավիրել.
«Ինձ բռնցքամարտի ամբողջ աշխարհն է ճանաչում: Աշխարհում չկա մի ռինգ, որտեղ մտած չլինեմ, որը տեսած չլինեմ: Ամբողջ Սովետական Միությունում ես եղել եմ համար առաջին բռնցքամարտիկների շարքում: Այսօր ֆեդերացիան գլխավորող անձնավորությունը բռնցքամարտում ոչ անցյալ է ունեցել, ոչ էլ ապագա է ունենալու: Ներկայով էլ գլուխ գովալ չի կարելի, որովհետև այսօրվա իրականությունը ցավալի է: Եթե մի բան սկիզբ ունի, ավարտ էլ ունի: Հնարավոր չէ, որ այսպիսի թափթփուկներ հետագայում ապագա ունենան»,- ասել է Իսրայել Հակոբկոխյանը:
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև իր որդուն Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելուն.
«Իմ որդին նախորդ տարի զբաղեցրեց 2-րդ տեղը, չնայած հաղթանակը նրանն էր: Ասացի՝ լավ: Ստացվում է, որ հավաքականում նա պետք է լինի երկրորդ համարը, բայց նրան չընդգրկեցին ոչ հավաքական, որ հավաքների տարան, ոչ մրցաշարերի: Ես անձամբ եմ դիմել ֆեդերացիայի նախագահին և հավաքականի գլխավոր մարզչին, հարցրել եմ, թե ինչու չեն տանում մրցաշար: Ասել են՝ հաջորդին կտանենք. այդպես ամեն անգամ: Նույնիսկ առաջարկել եմ իմ գումարներով ընգրկել կազմ, եթե ֆինանսավորման խնդիր կա: Ասել են՝ ոչ: Ես ինքս եմ տեղեկացել, որ հավաք են անցնում, զանգել եմ հավաքականի մարզչին, որը ինչպես ֆեդերացիայի նախագահը, բռնցքամարտի հետ կապ չունի: Նրա կողմից մարզումներին միանալու առաջարկ չի եղել: Նա ասում է առաջարկել է, բայց այդպիսի բան չի եղել:
Իմ տղան հավաքականի կազմում մասնակցել է միայն մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Առաջին մենամարտից պարտվեց կողմնակալ մրցավարության արդյունքում: Բոլորն էլ տեսան, ով հասկանում է բռնցքամարտից՝ կփաստի, որ ռինգի մրցավարն ու կողային մրցավարներն ամեն ինչ արեցին, որ իմ տղան պարտվի: Ես իմ կյանքում չէի տեսել, որ մենամարտի առաջին րոպեից տվյալ անկյան մարզիկին նկատողություն տան:
Այդ մենամարտից հետո բարկացած դուրս եկա և ինքս ինձ բարձրաձայն քննարկում էի, թե ինչպես սխալ մրցավարության արդյունքում որդուս հաղթանակը ձեռքից առան: Մի քանի մետր այն կողմ երեք ադրբեջանցիներ էին կանգնած, որոնք իրենց հավաքականի մարզիչներից էին, լսել էին, թե ինչպես էի վրդովված խոսում պարտությունից հետո: Մոտեցան, ասացին՝ բողոքարկեք, բայցահայտ կողմնակալ մրցավարություն էր: Ես հասարակ մարզիչ եմ, իրավունք չունեմ բողոքարկել, պետք է ֆեդերացիայի նախագահը բողոքարկի, որը նստած հետևում էր: Նա չբողոքարկեց, իմ տղան դուրս մնաց պայքարից: Հետո կանգնեցին ասացին, թե Իսրայել Հակոբկոխյանն իրեն լավ չպահեց Եվրոպայի առաջնությունում, իմ վարքագծից խոսեցին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին հանդիպման հրավիրում ռինգում՝ մենամարտի: Եթե նա ինձ ասելիք ունի, թող գա և մենամարտի»: