Հայտնի է դարձել, թե ինչպես կարող է պատժվել «Մանչեսթեր Սիթին», եթե ապացուցվի ֆինանսական կանոնների խախտման մեղադրանքները։
Sky Sports-ը, մեջբերելով Պրեմիեր լիգայի կանոնները, նշում է, որ անկախ հանձնաժողովը, որը կքննարկի ակումբի գործը, կարող է հեռացնել ակումբին առաջնության խաղերին մասնակցելուց, լիգայի ղեկավարությանը խորհուրդ տա վերախաղարկել որոշ հանդիպումներ կամ փոխհատուցում պահանջել:
Նաև հանձնաժողովը կարող է չեղարկել որոշ խաղացողների գրանցումը։ Բացի այդ, հնարավոր է պայմանական պատիժ կամ տուգանք կիրառվի։ Նշվում է, որ եթե «Ման․Սիթիի» մեղքն ապացուցվի, ապա հաջորդ մրցաշրջանում ակումբից միավորներ կարող են հանվել։ Դա տեղի կունենա, եթե վարույթը չավարտվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
The Athletic-ը հայտնում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել տիտղոսներից՝ նախորդ մրցաշրջաններում թիմից միավորներ հանելով:
Հաղորդվում է նաև, որ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են, որ «Ման․Սիթիի» դեմ գործն ավարտվի այս մրցաշրջանում։
Փետրվարի 6-ին Պրեմիեր լիգան մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական կանոնների բազմաթիվ խախտումների մեջ։ Ըստ տեղեկությունների՝ ակումբը 2009/10 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանը խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։
Ժամանակակից պատմության մեջ «Քաղաքաբնակները» 6 անգամ հաղթել են Պրեմիեր լիգան (2011/12, 2013/14, 2017/18, 2018/19, 2020/21, 2021/22): Ընթացիկ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ 21 խաղում վաստակելով 45 միավոր և 5 միավորով հետ է առաջնության առաջատար «Արսենալից»։