«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային հսկայական ծախսերի մասին այն բանից հետո, երբ «կապույտներին» քննադատել էին Յուրգեն Կլոպը և Խոսեպ Գվարդիոլան: Փոթերը կարծում է, որ նրանք պարզապես «նախանձում են»։
«Չելսին» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է 320 միլիոն ֆունտ, իսկ ակումբի ծախսերը գերազանցել են 600 միլիոն ֆունտը՝ ամառային տրանսֆերային պատուհանը ներառյալ։
«Ողջ ֆուտբոլը երգելու է այս երգը, դա միանշանակ է: Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքի իրավունքը։ Խոսքի ազատություն կա, և դա լավ է: Դա ինձ չի անհանգստացնում:
Նախանձ լինելը վատ որակ է: Ես երբեք ոչ մեկին չեմ նախանձել։ Փորձել եմ աշխատել և անել առավելագույնը այն հանգամանքներում, որոնցում հայտնվել եմ։ Ճիշտն այն է, որ համեմատեք ինքներդ ձեզ և ոչ թե որևէ մեկի հետ, քանի որ չգիտեք կոնտեքստը կամ իրավիճակը:
Բայց ես նաև հասկանում եմ, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում, և դա ինձ համար նորմալ է։ Մարզիչների մեծ մասը կցանկանար լինել իմ տեղում»,- Փոթերի խոսքերն է մեջբերում The Sun-ը: