Օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը ստորին վերջույթների վիրահատության է ենթարկվել։
Վիրահատությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Դրա նպատակն էր հեռացնել հյուսվածքների նեկրոզները և դադարեցնել բջիջների մահվան գործընթացը: Այժմ Կոստոմարովը գիտակցության մեջ է, գեղասահորդը պարբերաբար թեստավորվում է։
ТАСС-ի փոխանցմամբ՝ Կոստոմարովի երկու ոտնաթաթերն անդամահատել են։
«Ցավոք, երկու ոտնաթաթն էլ պետք է անդամահատեին։ Վիրահատությունն անցել է առանց միջադեպերի, ընդհանուր առմամբ օրգանիզմը ապաքինվում է։ Ընդհանուր վիճակը բարելավվում է։ Բայց նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների անմիջական հսկողության ներքո»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
45-ամյա գեղասահորդի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել հունվարի 10-ին։ Նույն օրը գեղասահորդը տեղափոխվել էր կլինիկա։ Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Կոստոմարովի մոտ գանգրենա է սկսվել և նրան վերջույթների անդամահատման վտանգ է սպառնում։ Նշվում էր, որ բժիշկները հետաձգում են վիրահատությունը՝ մտավախություն ունենալով, որ Կոստոմարովը կարող է չհաղթահարել վիրահատությունը ծանր վիճակի պատճառով։
Կոստոմարովը 2006 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2004, 2005) և Եվրոպայի առաջնության եռակի հաղթող (2004, 2005, 2006) Տատյանա Նավկայի հետ զուգապարում։