«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է իր էմոցիաներով Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում խփած գոլից հետո։
29-ամյա անգլիացու համար այս գնդակը 200-րդն էր իր կարիերայում Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, ով հասել է այս ցուցանիշին Ալան Շիրերից (260) և Ուեյն Ռունիից (208) հետո։
Բացի այդ, Քեյնը դարձավ իր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփելով իր 267-րդ գոլը թիմի կազմում։
«Սա կախարդական պահ է.․․ Ես շատ էի ուզում դա անել հաղթական խաղում: Երկրպագուների աչքի առաջ դա անելն առանձնահատուկ պահ է։ Այդ մասին այնքան շատ խոսվեց, որ ես պարզապես ուզում էի, որ դա արվի: Նման գոլն աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում յուրահատուկ բան է:
Երբ ես սկսեցի կանոնավոր խաղալ, մտքովս չէր անցնում 200 գոլ խփել Պրեմիեր լիգայում։ Հիմա այս ցուցակում լինելը հուզիչ է: Առջևում ինձ դեռ շատ տարիներ են սպասվում, այնպես որ դեռ ավելիին կհասնեմ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: