«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պատմել է, թե ինչի է ցանկանում հասնել իր նոր ակումբի հետ։
Փետրվարի 1-ին, լոնդոնյան ակումբը հայտարարեց արգենտինացի կիսապաշտպանի տեղափոխության մասին։
«Սա մեծ ակումբ է, որը միշտ պայքարում է, որը հաղթել է Չեմպիոնների լիգան, և մենք կձգտենք հասնել այն ամենին, ինչ ակումբը ցանկանում է և այն տեղափոխել հաջորդ մակարդակ։ Ինձ հետ շատ հրաշալի բաներ են պատահել։ Ես իսկապես գոհ եմ «Չելսիի» ընձեռած հնարավորությունից, և ես կանեմ ամեն ինչ ակումբի նպատակներին հասնելու համար։ Ես ամեն ինչ կտամ՝ աջակցելու թիմակիցներիս, որպեսզի նրանք էլ ավելի լավանան»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյկոբսը սոցիալական ցանցերում։
Ֆերնանդեսի տեղափոխությունը «Չելսի» վեցերորդ ամենաթանկ տրանսֆերն էր ֆուտբոլի պատմության մեջ: Ինքը՝ կիսապաշտպանը, ներկայումս ամենաթանկ արգենտինացին է ֆուտբոլի պատմության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Չելսին» 20 խաղում 29 միավորով 10-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։