Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտարարել է, որ «կապտանռնագույնների» կիսապաշտպան Հակիմ Զիեշը վերադարձել է թիմի մարզումներին՝ ֆուտբոլիստի ՊՍԺ տեղափոխության ձախողումից հետո։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին մարոկկացին կարող էր տեղափոխվել փարիզյան թիմ, սակայն «Չելսին» ժամկետից հետո ուղարկեց անհրաժեշտ փաստաթղթերը, ինչի արդյունքում կողմերը ժամանակին չհասցրին գործարքը կնքել։
«Զիեշը վերադարձել է. Նա այսօր առավոտյան մարզվել է: Սա առաջին անգամը չէ, որ նման պատմություններ են տեղի ունենում, և վերջինը չի լինի։ Նա պրոֆեսիոնալ է և ամեն ինչ հասկանում է։ Նա նվիրված է և պատրաստ կլինի խաղալ: Հակիմը կարևոր խաղացող կմնա մինչև մրցաշրջանի ավարտը»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Goal-ը:
29-ամյա մարոկկացու գործող համաձայնագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Զիեշը բոլոր մրցաշարերում 15 հանդիպում է անցկացրել «արիստոկրատների» կազմում և կատարել մեկ գոլային փոխանցում։