Լրագրող Փիրս Մորգանը դիմել է «Չելսիի» երկրպագուներին՝ իրենց սիրելի ակումբի հսկայական ծախսերի առումով:
«Հիշեցում «Չելսիի» երկրպագուներին. մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, իսկ դուք 10-րդ տեղում եք, մենք ձեզանից 21 միավորով առաջ ենք,մեկ խաղ էլ պակաս ենք անցկացրել:
Այսպիսով, ծախսեք այնքան միլիոններ, որքան ցանկանում եք, բայց ձեզ անհրաժեշտ է աստղադիտակ գնել, որպեսզի տեսնեք, թե «Արսենալը» որտեղ է»,- գրել է հեռուստահաղորդավարն ու «Արսենալի» երկրպագուն՝ գրառմանը կցելով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի սքրինշոթը:
«Չելսին» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է մոտ 288 մլն ֆունտ (329,5 մլն եվրո)՝ ավելի շատ, քան Բունդեսլիգայի, Լա Լիգայի, Սերիա Ա-ի և Լիգա 1-ի բոլոր ակումբները միասին վերցրած, հայտնում է BBC-ն: «Չելսին» առաջին երկու տրանսֆերային պատուհաններում ծախսել է մոտ 630 միլիոն դոլար նոր սեփականատեր Թոդ Բոելիի օրոք՝ 2022 թվականի մայիսին ակումբը գնելուց ի վեր, հայտնում է AP-ն: