Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 34 միլիոն եվրո կստանա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի՝ «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխության համար:
Ինչպես հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է, որ հաջորդ տրանսֆերից գումարի 25%-ը բաժին կհասնի արգենտինական ակումբին։
Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել 121 միլիոն եվրոյի դիմաց, ուստի «Ռիվեր Փլեյթը» կիսապաշտպանի տրանսֆերի համար կստանա 30 միլիոն եվրո։ Բացի այդ, արգենտինական ակումբը ևս 4 միլիոն եվրո կվաստակի որպես ֆուտբոլիստի հարազատ ակումբ, որի սանն է հանդիսանում Էնցոն, հայտնում է TyC Sports-ը։
Ֆերնանդեսը «Բենֆիկա» տեղափոխվեց 2022 թվականի ամռանը 10+8 միլիոն եվրոյով։ 2022 թվականի ձմռանը Ֆերնանդեսը դարձավ աշխարհի չեմպիոն և ճանաչվեց Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։