Այսօր՝ հունվարի 31-ին, Դինամո մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:
Այսօր կայանու տղամարդկանց 16 զույգի հանդիպում: Նրանք հանդես կգան 54 կգ, 67 կգ, 71 կգ և 80կգ քաշային կարգերը:
Նշենք՝ Հայաստանի առաջնությունն ընտրական է լինելու ազգային հավաքականները ձևավորելու համար: Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անունը կրող միջազգային մրցաշարին:
Այս ստուգատեսների արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիսի 1-15-ը Տաշքենդում կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:
Ինչ վերաբերում է կանանց մրցապայքարին, ապա Հայաստանի առաջնությունում նրանք մրցելույթները կսկսեն փետրվարի 2-ից: Առաջնության ավարտից հետո կձևավորվի կանանց հավաքական թիմը, որը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ փետրվարի 7-ից ուսումանամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում: Մարզումները կտևեն մինչև փետրվարի 23-ը:
Եվս մեկ ուսումնամարզական հավաք կանայք կանցկացնեն արդեն փետրվարի վերջին՝ նախապատրաստվելով Հնդկաստանի Դելի քաղաքում մարտի 15 –ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: