Անտոնիո Կոնտեն ցանկանում է օգնել Հարի Քեյնին «Տոտենհեմի» կազմում տիտղոս նվաճել:
Քեյնի գոլի շնորհիվ Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում լոնդոնյան թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել։ Այս գոլը դարձել էր 266-րդն անգլիացի հարձակվողի համար «Տոտենհեմի» կազմում։ Նա կրկնել էր ակումբային ռեկորդը՝ հավասարվելով Ջիմի Գրիվսին։
«Մենք խոսում ենք մի խաղացողի մասին, որն ունի ֆանտաստիկ ունակություններ, անհավանական հմտություններ: Իհարկե, ես կցանկանայի օգնել նրան ինչ-որ կարևոր բան անել՝ «Տոտենհեմի» հետ տիտղոս նվաճել։
Նա սիրում է «Տոտենհեմը», այս ակումբը նրա սրտում է։ Հրաշալի կլիներ, եթե մենք կարողանայինք ինչ-որ բան հաղթել միասին։ Խփած գոլերի ռեկորդը կարևոր է, բայց գավաթը բարձրացնելը շատ ավելի կարևոր կլիներ:
Կարծում եմ՝ մենք պետք է չդադարենք երազել։ Ես խոսեցի խաղացողների հետ և ասացի, որ այս օրը պետք է լինի մեզ համար մեկնարկային կետը»,- «Տոտենհեմի» գլխավոր մարզչի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
























































