Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է տեսախցիկին արված իր գրառումները և լուրերն այն մասին, որ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է մրցաշարի կազմակերպիչներից պատժել թենիսիտին։
«Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում ավելի մանրամասնել: Ես ուղղակի ուզում էի աջակցություն հայտնել իմ ժողովրդին։ Այսքանը:
Արդյո՞ք ես ստանում եմ մարդկանց արձագանքները: Նամակ Ադրբեջանի ֆեդերացիայի՞ց։ Ես դրա մասին ոչինչ չեմ լսել։ Ասե՞լ են տեսախցիկի վրա բան չգրել։ Դեռ ոչ»,- մամուլի ասուլիսին ասել է Խաչանովը, ում խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։
Խաչանովը երեկ, երբ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հանդիպումից հետո կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։
Հիշեցնենք, որ Խաչանովը տեսախցիկի վրա գրել էր՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Նշենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (FTA) պահանջել էր պատժել Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունում տեսախցիկին կատարած գրառումի համար, հայտնել էր РИА Новости-ն։
Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովն այսօր Սեբաստիան Կորդային հաղթելուց հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Խաչանովն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ, առաջինը նախորդ տարի կայացած ԱՄՆ բաց առաջնությունում էր։ Այսպիսով, նա երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակչին։ Այս արդյունքի շնորհիվ Խաչանովը 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ կվերադառնա լավագույն 15 թենիսիստների վարկանիշ։ Եզրափակչի ուղեգրի համար նա կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի կամ Իրժի Լեգեչկայի հետ։