Հարի Քեյնի ապագան «Տոտենհեմում» դեռևս մնում է անորոշ։ Լոնդոնյան ակումբը կանի ամեն ինչ, որպեսզի երկարաձգի պայմանագիրը 29-ամյա հարձակվողի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Տոտենհեմը» բանակցություններ կվարի անգլիացու հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ։ Անտոնիո Կոնտեի ապագան որոշիչ դեր կունենա Քեյնի որոշման մեջ։ Եթե մարզիչը նոր պայմանագիր կնքի, ամենայն հավանականությամբ, Հարին ևս կորոշի մնալ թիմում։
Այս պահին Հարին բանակցություններ չի վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Անգլիական ակումբի համար Քեյնը տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է: Սակայն այս պահին ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել Քեյնի վերաբերյալ։ Անգլիացու ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր նաև «Բավարիան»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Տոտենհեմի» հետ, քանի որ ցանկանում է տիտղոսներ նվաճել ակումբի հետ։ Քեյնը «Տոտենհեմի» համակարգում է 2004 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Այս մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում «Տոտենհեմի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։