Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍՎ հնարավոր տեղափոխության մասին։
Նրա կարծիքով՝ 22-ամյա ֆուտբոլիստն ունի բոլոր անհրաժեշտ որակները՝ Եվրոպայում հաջող հանդես գալու համար։
«Սպերցյանը պետք է իր ուժերը փորձի Եվրոպայում, եթե իսկապես հետաքրքրություն կա նրա նկատմամբ։ Սպերցյանը խելացի տղա է, խելացի ֆուտբոլիստ։ Գոլեր է խփում, փոխանցումներ կատարում։ Նա աճելու տեղ ունի»,- Մոստովոյին է մեջբերում РБ Спорт-ը։
Բացի այդ, նախկին ֆուտբոլիստը նշել է, որ Նիդեռլանդների առաջնությունը լավ տարբերակ է երիտասարդ ֆուտբոլիստի համար։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։
























































