2023-ը կենտ թիվ է, այնպես որ այնպիսի մրցաշարերի, ինչպիսիք են Ֆուտբոլի ԱԱ-ն կամ ԵԱ-ն, Ամառային կամ Ձմեռային Օլիմպիական խաղերը, այս տարի ականատես չենք լինի։ Բայց դա չի նշանակում, որ 2023 թվականը լի չէ մարզական իրադարձություններով։
Առաջարկում ենք ծանոթանալ այս տարվա գլխավոր մարզական իրադարձություններին։
⚽ ՖՈՒՏԲՈԼ
Ասեցինք, որ Ֆուտբոլային մեծ մրցաշար այս տարի չկա, փոխարենը կա այդպիսի մրցաշարերից մեկի՝ Եվրո-2024-ի որակավորման փուլը, ինչպես նաև Ազգերի լիգան։ Ակումբային ֆուտբոլի մասին ևս չենք մոռանում։
Եվրո-2024-ի որակավորման փուլը կմեկնարկի մարտին և կավարտվի նոյեմբերին։ Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: Մեր հավաքականի խաղացանկն՝ այստեղ։
2022-23-ի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգան կապված է Եվրո 2024-ի որակավորման հետ՝ թիմերին ևս մեկ հնարավորություն տալով Եվրո 2024-ի ուղեգիր նվաճելու համար: Մրցաշարի 24 ուղեգրից 20-ը թիմերը ձեռք են բերում որակավորման փուլում, Գերմանիան որպես տանտեր ավտոմատ մասնակցում է մրցաշարին, իսկ ահա մյուս երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայում։ Այս մրցաշարի փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հունիսի 14-ից 18-ը։
Մայիսի 20-ից հունիսի 11-ը Ինդոնեզիայում կկայանա ֆուտբոլի Մ20 Աշխարհի առաջնությունը։ Իսկ հունիսի 21-ից հուլիսի 8-ը Ռումինիայիում կկայանա Եվրոպայի Մ21 առաջնությունը։
Հունիսի 16-ից հուլիսի 16-ը Կատարում կկայանա Ասիայի ֆուտբոլի առաջնությունը։ Նշենք, որ Կատարը մրցաշարի գործող չեմպիոնն է։ Մրցաշարը նախատեսված էր անցկացնել Չինաստանում, սակայն նախորդ տարի Չինաստանը հրաժարվել է մրցաշարն անցկացնելու իրավունքից՝ կապված պանդեմիայի հետ։ Արդյունքում, ինչպես վերջին ԱԱ-ն, Ասիայի առաջնությունը ևս կկայանա Կատարում։
Ինչ վերաբերում է ակումբային ֆուտբոլին, ահա մրցաշարերի եզրափակիչների ժամանակացույցը․
🏆 Չեմպիոնների լիգա – հունիսի 10, Ստամբուլ
🏆 Եվրոպա լիգա – մայիսի 31, Բուդապեշտ
🏆 Կոնֆերենցիաների լիգա – հունիսի 7, Պրահա
🏆 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ – օգոստոսի 16 (անցկացման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ, հանդիպումը նախօրոք նախատեսված էր անցկացնել Կազանում, բայց հայտնի իրադարձութունների պատճառով շատ հնարավոր է անցկացման վայրը փոխվի)
🏆 Իսկ ահա Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Մարոկկոյում 2023 թվականի փետրվարին։ Մրցաշարը կանցկացվի փետրվարի 1-ից 11-ը։ Դրան կմասնակցեն վեց մայրցամաքային կոնֆեդերացիաների լավագույն ակումբները, ինչպես նաև Մարոկկոյի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի չեմպիոնը: Առաջիկա մրցաշարի մասնակիցները կլինեն հետևյալ թիմերը՝ «Ռեալ» (Իսպանիա), «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլի» (Եգիպտոս), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ) և «Վիդադ» (Մարոկկո)։
🎾 ԹԵՆԻՍ
Տարվա առաջին խոշոր մրցաշարն Ավստրալիայի բաց առաջնությունն է (Australian Open), որը կկայանա հունվարի 16-ից 29-ը։ Մայիսի 18-ից հունիսի 11-ը կկայանա Մեծ Սաղավարտի հաջորդ՝ Ռոլան Գարոսի մրցաշարը, որն անցկացվելու է Փարիզում։
Բոլոր խոշոր մրցաշարերի ժամանակացույցը՝ ստորև․
🥎 Ավստրալիայի բաց առաջնություն – հունվարի 16-29
🥎 Ռոլան Գարոս – մայիսի 18 – հունիսի 11
🥎 Ուիմբլդոն – հուլիսի 3-ից 16-ը
🥎 US Open (ԱՄՆ-ի բաց առաջնություն) – օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10
🥎 Ամփոփիչ մրցաշար․ Տղամարդիկ – նոյեմբերի 13-20 (Անգլիա)
🥎 Ամփոփիչ մրցաշար․ Կանայք – հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 7 (ԱՄՆ)
🥎 Հունվարի 30-ին կմեկնարկի Դևիսի գավաթի որակավորման փուլը, իսկ մրցաշարի եզրափակիչը կկայանա նոյեմբերին Մալագայում։
🏀 ԲԱՍԿԵՏԲՈԼ
Այս տարվա բասկետբոլի տղամարդկանց Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի մի քանի երկրներում՝ Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Ինդոնեզիայում՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը: Սա առաջին Աշխարհի առաջնությունն է, որը կանցկացվի Ինդոնեզիայում և երկրորդը, որը հյուրընկալվում է Ֆիլիպինների և Ճապոնիայի կողմից, քանի որ նրանք առաջին անգամ ընդունել են մրցաշարը համապատասխանաբար 1978 և 2006 թվականներին: Իսպանիայի հավաքականն այս տարի կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։
Հունիսի 15-25-ը Իսրայելում ու Սլովենիայում կկայանա կանանց Եվրաբասկետը (բասկետբոլի ԵԱ)։
Իսկ մինչ վերը նշված մրցաշարերը, փետրվարի 19-ին Սոլթ Լեյք Սիթիում կկայանա NBA-ի Բոլոր աստղերի հանդիպումը։
🏋♂ ԾԱՆՐԱՄԱՐՏ
Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար:
Իսկ ահա ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 2-17-ը՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։
♟ ՇԱԽՄԱՏ
Աշխարհի չեմպիոնի թագի համար այս տարի կպայքարեն ռուս Յան Նեպոմնյաշչին և չինացի Դին Լիրենը։ Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը 2022-ի ամռանը հրաժարվել էր խաղալ Նեպոմնյաշչիի դեմ, ով հաղթեց Մադրիդի հավակնորդների մրցաշարում և իրավունք ստացավ նորվեգացու հետ խաղալու 2023 թվականին։ Այժմ Նեպոմնյաշչին պետք է տիտղոսի համար պայքարի Լիրենի հետ, ով երկրորդն էր հավակնորդների մրցաշարում:
Շախմատի միջազգային մրցաշարերից շուտով կմեկնարկի Tata Steel ավանդական մրցաշարը, որն անցկացվում է Նիդերլանդներում։ Մրցաշարը, որն իր հերթին բաղկացած է երկու առանձին մրցաշարերից՝ Masters և Challengers, կանցկացվի հունվարի 13-ից 30-ը։ Masters մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը, Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան և այլ հայտնի շախմատիստներ։
🥊 ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
Բռնցքամարտի Աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի 2023 թվականի մայիսի 1-ից 14-ը Տաշքենդում (Ուզբեկստան):
Առաջնությանը կմասնակցեն հինգ մայրցամաքների մարզիկները։ Բռնցքամարտիկները կպայքարեն մեդալների համար 13 քաշային կարգերում, որոնք հաստատվել են Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) տնօրենների խորհրդի կողմից 2021 թվականի հուլիսին։
Հայաստանն այս տարի էլ կընդունի բռնցքամարտի խոշոր մրցաշար։ Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարն անցկացնելու հայտը մեր երկիրը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից բարձր գնահատականի արժանացավ։
Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։
🥋 ՍԱՄԲՈ
Այս տարի Երևանը կընդունի նաև Սամբոյի Աշխարհի առաջնությունը։ ԱԱ-ն նախատեսված էր անցկացնել Եգիպտոսում: Սակայն այդ երկրի սամբոյի ազգային ֆեդերացիան, որոշ հանգամանքների պատճառով, հետ է վերցրել իր հայտը։ Արդյունքում FIAS-ի գործկոմի անդամները ընդունել են Հայաստանի թեկնածությունը։ Այս հարցում հաշվի է առնվել անցած հոկտեմբերին Երևանում կայացած սամբոյի Աշխարհի երիտասարդական առաջնության հաջող կազմակերպումը: Երևանում ԱԱ-ն կանցակցվի նոյեմբերի 10-12-ը:
🤼♂ ԸՄԲՇԱՄԱՐՏ
Ըմբշամարտի ԱԱ-ն այս տարի կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 16-ից 24-ը։ Մրցաշարը Բելգրադում կանցկացվի երկրորդ անգամ անընդմեջ․ ԱԱ-ն պետք է անցկացվեր Ռուսաստանում, բայց, ինչպես շատ այլ մարզաձևերի մրցաշարեր, որոնք պետք է կայանային այդ երկրում, տեղափոխվեց այլ երկիր (այս դեպքում Սերբիա)։
Օգոստոսի 14-ից 20-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա Մ20 ԱԱ-ն, իսկ հոկտեմբերի 23-ից 29-ը ֆիննական Տամպերեում՝ Մ23 ԱԱ-ն։
Իսկ այս մարզաձևի Եվրոպայի առաջնությունը ևս կկայանա Բալկանյան թերակղզում, բայց այս անգամ արդեն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Մրցաշարը կանցկացվի ապրիլի 17-ից 23-ը։ Իսկ ահա երիտասարդական ԵԱ-ն (Մ23) կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում (մարտի 13-19)։
⛸ ԳԵՂԱՍԱՀՔ
Հունվարի 23-29-ը Ֆինլանդիայի Էսպո քաղաքում կկայանա գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։
Իսկ ահա Աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 20-ից 26-ը Տոկիոյում (Սաիտամա)։ Եթե տղամարդկանց առաջնությունում դոմինանտ են ասիացիները, ապա հետաքրքիր կլինի հետևել կանանց մրցաշարին, որտեղ ռուս գեղասահորդուհիները հիմնականում մրցակցությունից դուրս են, բայց նրանց չենք տեսնելու այս մրցաշարում։ Հետաքրքիր է, ովքե՞ր այս տարի կպայքարեն մեդալների համար․․․
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Մեր մարմնամարզիկների համար 2022 թվականը շատ արդյունավետ էր։ Հուսով ենք, որ այս տարի մեր մարզիկները կշարունակեն վերջին տարիներին նկատվող առաջընթացն այս մարզաձևում, ու մենք 2023-ում նորից կունենանք բազում առիթներ ուրախանալու հայ մարզիկների հաջողություններով։
Մարմնամազրության ԱԱ-ն այս տարի կանցկացվի Բելգիայում՝ Անտվերպեն քաղաքում։ Մրցաշարի ժամկետներն են՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը։
🏐 ՎՈԼԵՅԲՈԼ
Վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունն այս տարի կանցկացվի 4 երկրում՝ Իտալիայիում, Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում և Իսրայելում՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 16-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Իտալիան է։
Կանանց ԵԱ-ն ևս կկայանա 4 երկրում (Իտալիա, Գերմանիա, Էստոնիա, Բելգիա)՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 3-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը կրկին Իտալիան է։
Վոլեյբոլի ԱԱ-ներն անցկացվում են 4 տարին մեկ անգամ, վերջինն անցյալ տարի էր։ Իսկ ահա վոլեյբոլի Ազգերի լիգան ամենամյա մրցաշար է, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն հավաքականները։ Այս տարի տղամարդկանց մրցաշարը կկայանա հունիսի 26-ից հուլիսի 23-ը Գդանսկում (Լեհաստան), իսկ կանանց մրցաշարը՝ մայիսի 30-ից հուլիսի 16-ն Արլինգտոնում (ԱՄՆ)։
🏒 ՀՈԿԵՅ
Տափօղակով հոկեյի Աշխարհի 86-րդ առաջնությունն ի սկզբանե պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան), սակայն հայտնի պատճառներով Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը զրկվեց 2023 թվականի առաջնությունն ընդունելու իրավունքից։ Առաջնության անցկացման վայր ընտրվեց Լատվիայի և Ֆինլանդիայի համատեղ ներկայացրած հայտը: Այսպիսով, հանդիպումները կանցկացվեն Ռիգայում և Տամպերեում։ Ֆինլանդիան 10-րդ անգամ կընդունի Աշխարհի առաջնությունը, իսկ Լատվիան՝ երրորդ: Մրցաշարը կանցկացվի մայիսի 12-ից 28-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Ֆինլանդիան է։
🤾♀ ՀԱՆԴԲՈԼ
Հունվարի 11-ից 29-ը Լեհաստանում և Շվեդիայում տեղի կունենա հանդբոլի տղամարդկանց Աշխարհի առաջնությունը: Աշխարհի գործող չեմպիոնը Դանիայի հավաքականն է։
Կանանց ԱԱ-ն կկայանա երեք երկրում՝ Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 17-ը։ Գործող չեմպիոնը Նորվեգիայի հավաքականն է։
Այլ կարևոր իրադարձություններ
✅ Ձմեռային 31-րդ Ունիվերսիադա (ԱՄՆ) – հունվարի 12-22
✅ Բիաթլոնի Աշխարհի առաջնություն (Օբերհոֆ, Գերմանիա) – փետրվարի 8-19
✅ Սուպերբոուլ (Ամերիկյան ֆուտբոլի գլխավոր հանդիպումը) – փետրվարի 12
✅ Տոկիոյի մարաթոն – մարտի 5
✅ Մարտի 5-ից կմեկնարկի նաև Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը։ Մրցաշրջանը կմեկնարկի Բահրեյնի Գրան-Պրիով (Ամբողջ տարվա ընթացքում տարբեր երկրներում կանցկացվեն Գրան-Պրիներ)
✅ Բոստոնի մարաթոն – ապրիլի 17
✅ Լոնդոնի մարաթոն – ապրիլի 23
✅ Ձյուդոյի ԱԱ (Դոհա, Կատար) – մայիսի 7-14
✅ Սեղանի թենիսի ԱԱ (ՀԱՀ) – մայիսի 20-28
✅ Երրորդ Եվրոպական խաղեր (Կրակով, Լեհաստան) – հունիսի 9-25
✅ Ջրային մարզաձևերի ԱԱ (Ֆուկոոկա, Ճապոնիա) – հուլիսի 14-30
✅ Նետաձգության ԱԱ (Բեռլին, Գերմանիա) – հուլիսի 31-ից օգոստոսի 6
✅ Թեթև աթլետիկայի ԱԱ (Բուդապեշտ, Հունգարիա) – օգոստոսի 19-ից 27
✅ Գեղարվեստական մարմնամարզության ԱԱ (Վալենսիա, Իսպանիա) – օգոստոսի 23-ից 27
✅ Թիավարության ԱԱ (Բելգրադ, Սերբիա) – սեպտեմբերի 3-10
✅ Բեռլինի մարաթոն – սեպտեմբերի 24
✅ Ռեգբիի ԱԱ (Ֆրանսիա) – սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 21
✅ Շաշկու ԱԱ (Կյուրասաո) – սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8
✅ 19-րդ Ասիական խաղեր (Չինաստան) – սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8
✅ Չիկագոյի մարաթոն – հոկտեմբերի 8
✅ Պանամերիկյան խաղեր (Սանտյագո, Չիլի) – հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 5
✅ Ձյուդոյի ԵԱ (Մոնպելյե, Ֆրանսիա) – նոյեմբերի 3-5
✅ Նյու Յորքի մարաթոն – նոյեմբերի 5
Վար Բաբայան