Անգլիայի գավաթի 3-րդ փուլի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վուլվերհեմփթոնին»։
Հունվարի 7-ին կայացած հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ Կանոնակարգի համաձայն՝ թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն։
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացել է Գոնսալո Գուեդեշը։ «Լիվերպուլը» հավասարեցրեց հաշիվը ընդմիջման գնալուց առաջ, երբ Դարվին Նունեսը գոլի հեղինակ դարձավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումից հետո:
Մոհամեդ Սալահը 52-րդ րոպեին առաջ մղեց հաշվի մեջ դաշտի տերերին՝ «Լիվերպուլի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցելով լեգենդար Քենի Դալգլիշին։ Սակայն 67-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնը» հավասարեցրեց հաշիվը․ Մատեուշ Կունյան և Հվանգ Հի Չանը, ովքեր փոխարինման էին դուրս եկել 4 րոպե առաջ, փրկեցին իրենց թիմին պարտությունից․ բրազիլացու օգնությամբ աչքի ընկավ կորեացի հարձակվողը:
























































