«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը կարծում է, որ իր թիմն արժանի էր 1:0 հաշվով հաղթանակին «Չելսիի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում։ Ալժիրցին այս հանդիպման միակ գոլը խփեց խաղադաշտ մտնելուց 3 րոպե անց։
«Չելսիի մարզադաշտում հաղթելը երբեք հեշտ չէ, բայց մենք ուժեղ էինք և արժանի էինք երեք միավորի: Այսօր ես գոլ խփեցի, որը սովորաբար երբեք չեմ խփում։ Սրանից հեշտ գոլ խփել հնարավոր չէ (ժպտում է)։ Միշտ պետք է պատրաստ լինել, նույնիսկ եթե չհայտնվես մեկնարկային կազմում, քանի որ միշտ ուզում ես խաղալ: Բայց ես կարող էի կենտրոնացած մնալ, քանի որ գիտեի, որ ցանկացած պահի կարող եմ օգնել թիմին, և դա հենց այն է, ինչ արեցի: Ես երջանիկ եմ»,- Մահրեզի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
«Մանչեսթեր Սիթին» 39 միավորով 2-րդն է Պրեմիեր լիգայում։ «Չելսին» 25 միավորով 10-րդ տեղում է։
























































