2023 թվականին Հայաստանը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Դրան ընդառաջ արդեն շինարարական աշխատանքներ են սկսվել հայտնի «Կիլիկիա» մարզադահլիճում, որն անմխիթար վիճակում է գտնվում: Այն կծառայի ծանարամարտի Եվրոպայի առաջնության համար, որից հետո այնտեղ կարող են մարզվել ֆուտզալիստները, բադմինթոնիստները:
Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում՝ ամփոփելով անցնող տարվա շինարարական աշխատանքները։
Գիլոյանի բնորոշմամբ՝ հսկայածավալ շինարարություն է ընթանում․ «Այո, այս տարի կային չստացված բաներ: Մասնավորապես, մեծ ցանկություն կար Արտաշատի աթլետիկայի ստադիոնը վերջացնել ու հանձնել շահագործման, բայց ստացվեց այնպես, որ շինարարական թերություններ կային, ու միջազգային ֆեդերացիայի մասնագետները չընդունեցին, ու մի փոքր հետ ընկավ ամեն ինչ: Խոստացել են, որ մինչև ապրիլ պատրաստ կլինի: Հուսով եմ, որ մինչև ապրիլի վերջ մենք բացումը կանենք: Էլի ծրագրեր են եղել, որ այս տարի չենք հասցրել, բայց սկիզբը դրել ենք»:
Փոխնախարարարից տեղեկանում ենք, որ Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցը խոստացել էին հանձնել տարեվերջին, բայց ժամկետները տեղափոխվել են մինչև գալիք տարվա մարտ ամիս:
«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը, որը խոշոր համալիր է դառնալու, շինարարական փայլուն աշխատանքներ են տարվում: Մենք կունենանք Գյումրիին վայել շատ լավ ու մեծ համալիր, որտեղ կլինեն տասնյակ մարզաձևերի խմբեր ու հնարավորություն կունենանք ինչ-որ մարզաձևի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն անցկացնել»-հատուկ շեշտում է Կարեն Գիլոյանը:
Փոխնախարարը լավ է գնահատում Արթուր Աբրահամի դպրոցի շինաշխատանքների ընթացքը: Սպասվում է, որ երկու տարվա ընթացքում կունենանք լավ մարզահամալիր:
Ընթացքի մեջ են Վիկ Դարչինյանի հետ քննարկումները. Վանաձորում հողաատարածք է ձեռք բերվել, որտեղ կկառուցվի մարզադպրոց ու կկոչվի նրա անունով:
Ծրագրված է, որ մյուս տարի կսկսվեն նաև Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի շինարարական աշխատանքները:
Անցնող տարին աննախադեպ էր հայկական սպորտի պատմության մեջ. Կարեն Գիլոյան