Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Անգլիայի դեմ խաղի մասին: Հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին: Մեկնարկը 23:00-ին է:
«Մեզնից ոմանք ամեն օր խաղում ու մարզվում են անգլիացի ֆուտբոլիստների հետ: Եթե մենք կարողանանք օգնել մեր ընկերներին ակումբներում ստացած իմացությամբ, մենք դա կանենք: Նրանք լավն են ստանդարտների ժամանակ, մենապայքարներում, ունեն լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են տուգանային լավ հարվածներ կատարել: Մենք պետք է շատ ուշադիր լինենք, բայց մեր հարձակման գծում կա ամեն ինչ, որպեսզի բարդացնենք նրանց խնդիրը:
Անգլիայի ներկայիս հավաքականում ավելի շատ խաղացողներ կան, որոնք հանդես են եկել ԱԱ-2018-ում, քան Ֆրանսիայի: Անգլիան հասել է մինչև կիսաեզրափակիչ և երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում. նրանք իսկապես աճ են գրանցել: Այս թիմը պատրաստ է պայքարել տիտղոսների համար: Վերջին Եվրո-ում նրանց բախտը չբերեց, նրանք մոտ էին հաղթանակին, և հիմա այստեղ են , որ հաղթեն:
Մեր թիմում փոփոխություններ են տեղի ունեցել, եկել է խաղացողների նոր սերունդ, որոնք պատրաստ են մրցակցել՝ խաղալով Եվրոպայի լավագույն ակումբներում: Սա փորձի և երիտասարդության լավ խառնուրդ է, մենք քայլ առ քայլ ավելի ուժեղ ենք դառնում»,- Լյորիսի խոսքերն է փոխանցում Reuters-ը: