Հայաստանի 4 պատանի բռնցքամարտիկ դեկտեմբերի 11-18-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կմասնակցեն Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Գենադի Շատկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարին:
Արարատ քաղաքի մարզադպրոցի տնօրեն և բռնցքամարտի մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ այսօր երեկոյան մրցավայր կմեկնեն մարզադպրոցի սաներ Արմեն Մուսախանյանը (66 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Արթուր Խլղաթյանը (80 կգ) և Նորայր Հակոբյանը (+80 կգ):
Նշենք՝ Արարատի մարզադպրոցն արդեն 5-րդ անգամ է մասնակիցներ ուղարկում միջազգային հուշամրցաշարին: Տիգրան Արմենակյանի խոսքով՝ իր սաները տարբեր տարիներին բավական լավ մրցելույթներ են ունեցել՝ դառնալով մրցաշարի չեմպիոններ և մեդալակիրներ: Այս անգամ ևս սպասելիքները մեծ են:
Հատկանշական է, որ Արմենակյանն ինքը 2008 թվականին Գենադի Շատկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարին մասնակցել է որպես գործող բռնցքամարտիկ և չեմպիոն հռչակվել.
«Գենադի Շատկովը Մելբուռնի օլիմպիական խաղերում չեմպիոն է դարձել 75 քաշային կարգում, այդ իսկ պատճառով հուշամրցաշարի այս քաշային կարգում հաղթողներին առանձնահատուկ են վերաբերվում և հատուկ մրցանակ շնորհում: 2008 թվականին ինքս հանդես գալով հենց 75 կգ քաշային կարգում՝ չեմպիոն հռչակվեցի ու պարգևատրվեցի անձամբ Գենադի Շատկովի կողմից: Դրանից հետո արդեն որպես մարզիչ եմ իմ սաների հետ մասնակցել մրցաշարին: Այս տարի էլ ներկայացուցիչ ունենք 75 կգ քաշային կարգում: Թե՛ Արմեն Պողոսյանից և թե՛ մեր մյուս բռնցքամարտիկներից մրցանակային տեղեր զբաղեցնելու սպասելիքներ ունենք»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է Տիգրան Արմենակյանը:
Նրա խոսքով՝ հուշամրցաշարն ավանդաբար բավական լավ կազմ է հավաքում՝ մասնակիցներ ունենալով ԱՊՀ անդամ պետություններից: