Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին, որ կհեռանա ազգային թիմից, հայտնում է Record-ը։
Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն իմացել է, որ չի լինելու Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը։
Պատմությունը սկսվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի Պորտուգալիա — Հարավային Կորեա խաղում (1:2): 65-րդ րոպեին 1:1 հաշվով Սանտուշը Ռոնալդուին փոխարինեց։ Նա, ըստ աղբյուրի, մարզչին ասել է․ «Դու շտապում ես ինձ փոխարինել»։ Ինքը՝ Ռոնալդուն, խաղից հետո հերքել է դա և ասել, որ այդ խոսքերը ուղղված է եղել Կորեայի հավաքականի խաղացողին, ով փոխարինվելիս պահանջել է, որ պորտուգալացին հնարավորինս շուտ հեռանա խաղադաշտից։
Սանտուշը, ամեն դեպքում, դժգոհ է մնացել Կրիշտիանուի պահվածքից՝ ասելով, որ իրեն դուր չի եկել ֆուտբոլիստի արձագանքը, և հավելել, որ, այնուամենայնիվ, դա ներքին խոհանոցի հարց է և հրապարակայնորեն չի արձագանքի։ Ռոնալդուն Շվեյցարիայի հետ 1/8 եզրափակչի հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին։ Նրա թիմը հաղթեց 6:1 հաշվով, իսկ Կրիշտիանուին փոխարինած Ֆերնանդո Ռամոսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Կրիշտիանուին դուր չի գալիս այն դերը, որը նա խաղում է ԱԱ-2022-ում, և նա այդ մասին ասել է մարզչին՝ սպառնալով հեռանալ թիմից։ Աղբյուրի համաձայն՝ Կրիշտիանուն մոտ է եղել իրերը հավաքելուն ու Պորտուգալիայի հավաքականի ճամբարը լքելուն։ Սակայն որոշ ժամանակ անց խաղացողը մտափոխվել է՝ հասկանալով, որ դեռ կարող է կարևոր դեր խաղալ այս թիմի համար։