Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Սենեգալի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է իր թիմի հավակնությունների մասին։
«Այժմ մյուս թիմերը կարող են սկսել վախենալ մեզանից: Մենք հիանալի թիմ ունենք, բայց մեզ շատերն են թերագնահատում։ Մենք ավելի մեծ հարգանքի ենք արժանի։
Երբ Արգենտինան կամ Նիդերլանդները հեշտությամբ հաղթում են իրենց հանդիպումները, դա կոչվում է հաղթանակ բարձր կարգի շնորհիվ, իսկ մեզ թերագնահատում են։ Թիմն այժմ ավելի լավն է, քան նախորդ Եվրոպայի առաջնությունում»,- «Վեսթ Հեմի» հենակետային կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Անգլիան 3:0 հաշվով հաղթել է Սենեգալին 1/8 եզրափակչում, իսկ աշխարհի գործող չեմպիոնների՝ Ֆրանսիայի դեմ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին: