ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերը խոսել է Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0)։
«Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ ֆուտբոլային առումով, իսկ երկրորդում՝ մեր վճռականությունը։ Ես հպարտ եմ մեր թիմով. տղաները խաղադաշտում տվեցին իրենց առավելագույնը, և հիմա մենք անպարտելի դուրս ենք գալիս հաջորդ փուլ։
Պուլիշիչը գոլ խփեց վնասվածքի գնով։ Երբ քո թիմի լավագույն խաղացողներից մեկն այդքան քրտնաջան աշխատանք է կատարում, դա հիանալի զգացողություն է, թեև նրա վնասվածքի մասին ոչ մի դրական բան չեմ կարող ասել։
Ինչպե՞ս կարող եմ նկարագրել խաղի ավարտը և իմ հույզերը: Այո, այս Աշխարհի առաջնությունում փոխհատուցվող րոպեները շատ են։ Այս րոպեներին դուք հաշվում եք ամեն վայրկյան, և սա շատ լարված, սթրեսային իրավիճակ է։ Կարծում եմ, հիմա ես ավելի քիչ մազեր ունեմ իմ գլխին: Եվ հիմա ժամանակն է առաջ գնալ՝ պատրաստվել Նիդերլանդների հետ խաղին»,- ասել է Բերհալտերը FOX Soccer-ին:
























































