Մեխիկոյում սիրողական բռնցքամարտի միջազգային (IBA) և համաշխարհային (WBA) ասոցիացիաները համաձայնագիր են ստորագրել: Այդ կազմակերպությունները համատեղ մշակելու են համագործակցության և աշխատանքի ճանապարհային քարտեզ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Փաստաթուղթը ստորագրել են IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը և WBA-ի նախագահ Ժիլբերտո Խեսուս Մենդոզան:
Համագործակցությունը նպատակ ունի հատուկ ծրագրով աջակցել սիրողական մարզիկների առաջընթացին և պրոֆեսիոնալ բռնցքամարտում նրանց ներգրավմանը:
Նշվում է, որ կողմերը կաշխատեն սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի միասնական կանոնակարգերի ստեղծման վրա, ներառյալ՝ բռնցքամարտիկների բժշկական անվտանգության և բարեկեցության, մարզիչների զարգացման, տեխնիկական և մրցակցային կանոնների պահպանման հարցերը:
Համաձայնագիրը նախատեսում է նաև համատեղ ակադեմիայի ստեղծում և WBA ու IBA բռնցքամարտիկների մասնակցությունը համապատասխան մրցաշարերին։
«IBA-ի և WBA-ի համագործակցությունը կարող է ապահովել բռնցքամարտի ապագան՝ որպես միասնական մարզաձև ու կամուրջ կառուցել երկու կազմակերպությունների միջև», – ասել է Կրեմլյովը։
«IBA-ի հետ այս համաձայնագիրը մեծ օգուտ կտա բռնցքամարտին: Իմ կարգախոսը միշտ եղել է այն, որ մարզաձևը մեկ ամբողջություն է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարևոր սկզբունքն է մեկտեղվել սիրողականի հետ», – նշել է Մենդոզան։