Նոյեմբերի 28-ին կայացել է Անգլիայի գավաթի երրորդ փուլի վիճակահանությունը, որի հանդիպումները կկայանան 2023 թվականի հունվարին։
Հատկանշական է, որ զույգերից մեկը կազմել են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ Ավելի վաղ այս թիմերը միմյանց հետ մրցել են լիգայի Գավաթում, որտեղ հաղթել են Խոսեպ Գվարդիոլայի սաները՝ 2-0։ Այս թիմերը 2023 թվականի հունվարի 5-ին կմրցեն նաև Անգլիայի Պրեմիեր-լիգայի շրջանակում։
Անգլիական մյուս թոփ-ակումբները ևս իմացել են իրենց մրցակիցներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» մցրաշարի այս փուլում տանը կընդունի «Էվերթոնին», «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կխաղա «Վուլվերհեմփթոնի», իսկ «Արսենալը» հյուրընկալվելիս կխաղա «Օքսֆորդ Յունայթեդի» հետ։ Լոնդոնի «Տոտենհեմը» սեփկան հարկի տակ կխաղա «Պորտսմութի» հետ։
Անգլիայի գործող գավաթակիրը «Լիվերպուլն» է, որն անցած տարվա եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։