Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է ազգային հավաքականի մարզիչ Լուիս Էնրիկեի աջակցության մասին.
«Դժվար է բացատրել․․․ Լուիս Էնրիկեն ինձ վստահեց կարիերայիս ամենադժվար պահին, այն ժամանակ, երբ ես դժվարություններ ունեի ոչ միայն խաղադաշտում, այլ նաև անձնական կյանքում։
Զգում էի, որ ամբողջ երկիրն իմ դեմ է, աներևակայելի բարդ իրավիճակ է, և նա ոտքի կանգնեց և պաշտպանեց ինձ բոլորից։ Միակ բանը, որ ես փորձում եմ անել, դա նույն վստահությամբ հատուցել նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Իսպանիայի հավաքականը, որն Աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում հաղթեց Կոստա Ռիկային՝ խփելով յոթ անպատասխան գնդակ, այսօր կհանդիպի Գերմանիայի ընտրանու հետ։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի 23:00-ին: