Մեքսիկացի բռնցքամարտիկ Մոյսես Ֆուենտեսը մահացել է 37 տարեկան հասակում, սոցցանցում հայտնել է բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը։
Վերջին մենամարտում ստացած ծանր վնասվածքի պատճառով Ֆուենտեսը վերջին մեկ տարվա ընթացքում գտնվում էր հիվանդանոցում: 2021 թվականի հոկտեմբերին մեքսիկացին նոկաուտով պարտվեց իր հայրենակից Դեյվիդ Կուելարի հետ մենամարտում։
Մրցամարտից հետո Ֆուենտեսը շտապ հոսպիտալացվել է ուղեղում գոյացած արյան մակարդուկի պատճառով։
Ֆուենտեսը 2011 թվականին նվաճել է բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) չեմպիոնի տիտղոսը թեթև քաշային կարգում։ Պրոֆեսիոնալ ռինգում նա տարել է 25 հաղթանակ (14-ը նոկաուտով)։