Նովակ Ջոկովիչը դեռ հնարավորություն կունենա հաղթելու իր տասներորդ Ավստրալիայի բաց առաջնությունը հաջորդ տարի: Ավստրալիայի իշխանությունները, ըստ ABC հեռուստաալիքի, որոշել են վերանայել սերբ թենիսիստի մուտքը երեք տարով արգելելու իրենց որոշումը և վիզա տրամադրել։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ջոկովիչը, որը COVID-ի դեմ պատվաստումների հայտնի հակառակորդ է, ստիպված էր բաց թողնել ոչ միայն Ավստրալիայի , այլև ԱՄՆ բաց առաջնությունը։
Հիշեցնենք, որ Ջոկովիչի վերջին այցը Մելբուրն վերածվել է սկանդալի։ Թենիսիստը դեմ է COVID-ի պատվաստումներին, իսկ Ավստրալիայի իշխանությունների կողմից սահմանված կանոնները պահանջում են, որ երկիր ժամանողները պարտադիր պատվաստված լինեն: Ջոկովիչը, Tennis Australia-ի աջակցությամբ, բացառության կարգով վիզա է ստացել նույնիսկ առանց պատվաստման վկայականի։ Նա նույնիսկ հասցրել է տեղում մարզվել։ Սակայն Ավստրալիայի կառավարությունը որոշել էր, որ նա վիզան ապօրինի է ստացել, և երկու դատական նիստերից հետո «Մեծ սաղավարտի» 21 մրցաշարերի հաղթողը (նրանցից 9 հաղթել է հենց Մելբուռնում) արտաքսվել է երկրից։ Նրան նաև արգելել են մուտք գործել երկիր առաջիկա երեք տարիներին։
Այնուամենայնիվ, հուլիսին Ավստրալիան վերացրել է ճանապարհորդների համար պարտադիր պատվաստման կանոնը։ Չնայած այս հանգամանքին, Ջոկովիչի վերաբերյալ որոշումը մնացել էր ուժի մեջ։ Թենիսի երկրպագուների որոշակի հույսեր կապված էին այն բանի հետ, որ գարնանը Ավստրալիայում իշխանությունը փոխվել է։ Նախորդ կառավարության օրոք Ջոկովիչը, ամենայն հավանականությամբ, վերադառնալու հնարավորություն չէր ունենա:
Կարեն Էնդրյուսը, որը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, հոկտեմբերին նշել է, որ Ջոկովիչի նկատմամբ հատուկ վերաբերմունքը պարզապես այն պատճառով էր, որ Ջոկովիչը հարուստ և հայտնի էր, իսկ այս դեպքը «ապտակ» կլինի յուրաքանչյուրի համար, որը չի հետևում սահմանված կանոններին: Այնուամենայնիվ, Էնթոնի Ալբանեզի կաբինետն այս հարցերում այնքան էլ սկզբունքային չի թվում։ Նշենք, որ իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել, որ Ջոկովիչը վիզա է ստանալու, սակայն ինքը՝ թենիսիստը, ով այժմ հանդես է գալիս Թուրինի ATP եզրափակիչ մրցաշարում, երկուշաբթի հաստատել է բանակցությունների փաստը։
























































