«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո նա հնարավորություն է ստացել հայտնվել «Մանչեսթեր Սիթիում»:
«Երբ ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», ես հետևեցի իմ սրտին, բայց Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբում առաջընթաց չկա: Ոչինչ չի փոխվել։ Իհարկե, նա բոլորից լավ գիտի, որ ակումբն այն ճանապարհին չէ, որին արժանի է:
Երբ հետաքրքրություն կար «Մանչեսթեր Սիթիի» կողմից, սըր Ալեքս Ֆերգյուսոնն ինձ ասաց. «Դու չես կարող գնալ նրանց մոտ»: Եվ ես ասացի. «Լավ, բոս», — ասել է պորտուգալացին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուին առաջարկել է ավելի բարձր աշխատավարձ, քան «Մանչեսթեր Սիթին», և համաձայնվել է վճարել 15 + 8 միլիոն եվրոն, որը պահանջում էր «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր տված հարցազրույցում անդրադարձել էր նաև թիմի գլխավոր մարզիչ Տեն Հագի հետ հարաբերություններին, նշելով, որ չի հարգում նրան:
























































