Միջազգային դադարի ավարտից հետո այն ֆուտբոլիստները, ովքեր միացել էին իրենց հավաքականներին, վերադառնում են ակումբային գործերին։ Մադրիդի «Ռեալը» այսօր շաբաթվա արդեն երրորդ մարզումն է անցկացրել, որը առաջինն է եղել հավաքականներին միացած մի շարք ֆուտբոլիստների համար։
AS-ի փոխանցմամբ՝ թիմ են վերադարձել հինգ ֆուտբոլիստներ՝ Տիբո Կուրտուան, Էդեն Ազարը, Կազեմիրոն, Ալֆոնս Արեոլան և Էդեր Միլիտաոն։ Մարզմանը չի մասնակցել Ռաֆայել Վարանը։ «Արքայական» ակումբից առայժմ չեն մեկնաբանել նրա բացակայության պատճառը։
Մարզումը բաց են թողել նաև միջազգային դադարի ընթացքում վնասվածքներ ստացած Լուկա Մոդրիչը և Գարեթ Բեյլը։ Վերջինս առանձին ծրագրով մարզվել է մարզադահլիճում։
Տոնի Կրոսը և Լուկաս Վասկեսը ևս բաց են թողել մարզումը։ Այս երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք ունեն։ Մարզմանը, բնականաբար, չեն մասնակցել նաև Նաչոն և Մարկո Ասենսիոն, որոնք երկար ժամանակով են շարքից դուրս մնացել։ Զինեդին Զիդանը այս բոլոր բացակայությունների ֆոնի վրա մի շարք ֆուտբոլիստներ է հրավիրել «Կաստիլիայից»։