Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը կարիերայում երկրորդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է զգացողությունների մասին.
«Ուրախ եմ, որ այս տարիքում կարողանում եմ մասնակցել մրցումներին, նվաճել բարձր հարգի մեդալներ, բայց կրկնակի ուրախ եմ, որ բացի բրոնզից նաև ոսկե մեդալ ունենք՝ 39 տարվա դադարից հետո: Շատ զգացմունքային էին մրցումները: Ճիշտն ասած՝ Արթուրի կանգնելուց հետո, երբ հասկացանք, որ չեմպիոն է դարձել, ցանկանում էինք անմիջապես տրիբունայից իջնել և շնորհավորել նրան: Զգացմունքներն աննկարագրելի էին: Դժվարանում եմ բառերով նկարագրել այն ամենն, ինչ զգում եմ: Շատ ուրախ եմ:
Շնորհակալ եմ մեր մարզիչներին, որ միշտ իմ կողքին են և աջակցում են: Այն, որ այս տարիքում մնացել եմ սպորտում, իմ մարզիչների և ընկերների շնորհքն է: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին՝ մեր կողքին լինելու և ամեն հարցով աջակցելու համար»,- ասել է Մերդինյանը: