Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ Աշխարհի չեմպիոն։
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է այս հաղթանակին։
«Արթուր Դավթյանի անհավատալի հաղթանակի մասին կարելի է շատ երկար խոսել: Բայց լավագույնս դա կանեն նրա մարզիչներն ու թիմակիցները: Չնայած՝ ինչքան էլ խոսվի, ծանրակշիռ մեծամասնությունը չի հասկանալու այս հաղթանակի լրջությունը, բարդությունը, մեծությունը և սպորտային կարևորությունը:
Նորից կգան, ծափ կտան, կնկարվեն/կփիառվեն ու կգնան: Մարզիկներն էլ կշարունակեն իրենց քրտնաջան, տաժանակիր աշխատանքը նվազագույն պայմանների բացակայության վիճակում՝ նվաճելով նորանոր բարձրունքներ այդ դժվարագույն մարզաձևում:
Արթուր Դավթյան, Հակոբ Սերոբյան, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, հավաքականի մարզիկներ և մարզիչներ, ԿԵՑՑԵ՛Ք:
Թիմային աշխատանքի լավագույն օրինակ եք, սպորտային հրաշքներ եք գործում, կոտրում եք կարծրատիպեր և մոտիվացնում հազարավոր մարդկանց։
Առանձին պետք է նշել Հարություն Մերդինյանի սխրանքի մասին (բրոնզե մեդալ աշխարհի այս առաջնությունից): Նա ուղղակի խախտում է մարմնամարզության օրենքները և հերթական անգամ ապացուցում, որ տարիքը սահմանափակում չէ, եթե կա նպատակ և այդ ուղղությամբ արվող անհրաժեշտ քայլեր:
Շնորհավորում եմ։
հ.գ. առանձին ուշադրություն դարձրեք հավաքականի անդամ բոլոր տղաների համեստությանն ու դաստիարակվածությանը…»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Դավթյանը15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում:
Արթուրը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր։