Սպորտային համազգեստներ արտադրող Nike ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է համագործակցությունը NBA-ի «Բրուքլին Նեթս» թիմի պաշտպան Կայրի Իրվինգի հետ՝ հակասեմականության (ազգային և կրոնական անհանդուրժողականություն հրեաների նկատմամբ) մեղադրանքների պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Nike-ի հայտարարությունը։
«Մենք Nike-ում կարծում ենք, որ ատելության խոսքի տեղ չկա և դատապարտում ենք հակասեմականության ցանկացած ձև: Այդ նպատակով մենք որոշում ենք կայացրել անհապաղ դադարեցնել մեր հարաբերությունները Կայրի Իրվինգի հետ և այլևս չենք պլանավորում թողարկել Kyrie 8 [սպորտային կոշիկները]: Մենք խորապես վշտացած և հիասթափված ենք իրավիճակից և բոլորի վրա թողած դրա ազդեցությունից»,- ասվում է Nike-ի հայտարարության մեջ:
Kyrie 8 սպորտային կոշիկների մոդելը պետք է թողարկվեր նոյեմբերի վերջին։ Իրվինգը Nike-ի հետ պայմանագիր էր կնքել 2014 թվականից, և նրա սպորտային կոշիկների շարքը ընկերության վաճառքի թոփ հնգյակում է։ Ըստ Bloomberg-ի՝ Nike-ի հետ պայմանագիրն Իրվինգին տարեկան մոտ 11 մլն դոլար է բերել։
Իրվինգի հետ սկանդալը ծագել է նախորդ շաբաթ, երբ նա սոցցանցերի իր էջերում հրապարակեց մի գրառում՝ հղում անելով հակասեմական կլիշեներ պարունակող վավերագրական ֆիլմին։ Խաղացողը դրա համար քննադատությունների արժանացավ, սակայն ներողություն չխնդրեց։
Նախօրեին «Բրուքլինը» որոշում կայացրեց Իրվինգին որակազրկել առնվազն հինգ խաղով, միայն դրանից հետո բասկետբոլիստը ներողություն խնդրեց։