«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ալան Շիրերի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ Հարի Քեյնը մանչեսթերյան թիմի կազմում առնվազն այնքան գոլ կխփեր, որքան Էրլինգ Հոլանդը։
Հիշեցնենք, որ նորվեգացին գլխավորում է Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի ռմբարկուների աղյուսակը՝ այս մրցաշարերում ընդհանուր առմամբ խփելով 20 գոլ։
«Ես հնարավորություն չունեմ գուշակելու, թե Քեյնը ինչպես կխաղար «Մանչեսթեր Սիթիում»: Չգիտեմ, թե նա ինչպես կխաղար մեր կազմում։ Հարցրեք այդ մասին Ալան Շիրերին։ Միգուցե նա ավելի լավ գիտի այդ մասին»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարի Քեյնը կարող էր նախորդ ամառ տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն «Տոտենհեմը» հրաժարվեց բաց թողնել իր առաջատարին։ Արդյունքում այս ամառ անգլիական գրանդը ձեռք բերեց Էրլինգ Հոլանդին։