ՄՅՈՒ-ի պաշտպան Էրիկ Բեյին, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում», խոսել է «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ծանոթության մասին։
«Առաջին շփումը, որ ունեցել եմ նրա հետ, հեռախոսով էր։ Ես Աբիջանում էի, երբ նա զանգեց ինձ։ Տեսա պորտուգալական համար, չհասկացա՝ ով է զանգում, վերցրի հեռախոսն ու լսեցի․ «Բարև, Ժոզե Մոուրինյուն է»։ Ես կորցրի խոսելուս ունակությունը։
Մենք մի քիչ խոսեցինք, իմացավ, որ Անգլիայի մի քանի ակումբի կողմից հետաքրքրություն կա, ու նրա համար ինձ համոզելու լավագույն ձևն անձամբ ինձ զանգելն էր։ Նա ասաց, որ մի քանի տարի հետևել է ինձ, տեսել՝ ինչպես եմ աճել «Էսպանյոլում», ապա՝ «Վիլյառեալում»։
Մանչեսթերում առաջին երկու մրցաշրջանները լավագույնն էին, ես լավ հուշեր ունեմ։ Մոուրինյուն պաահնջկոտ է, նա ուժեղ բնավորություն ունի։ Նրան «Յուրահատուկ» են անվանում, և դա ճիշտ է, նա իսկապես յուրահատուկ է։ Նա ինձ շատ բան է տվել զարգանալու համար»,- ասել է Բեյին L’Equipe-ին տված հարցազրույցում։