«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ակումբային կարիերայի 700-րդ գոլի մասին։
«Կկարողանա՞ մեկ այլ ֆուտբոլիստ ակումբային կարիերայում անցնել 700 գոլի սահմանագիծը: Դժվար է ասել։ Ես կասեմ, որ սա հսկայական ձեռքբերում է խաղացողի համար։ Շնորհավորում եմ Կրիշտիանուին: Ես ուրախ եմ նրա համար: Սա նաև նրա առաջին գոլն էր Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում, ուստի այն կօգնի նրան ավելի շատ գոլեր խփել առաջիկա շաբաթների ընթացքում»,- տեն Հագի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
37-ամյա պորտուգալացին ԱՊԼ-ի 10-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում (2:1) խփեց իր առաջին գոլը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Այս գոլը պորտուգալացու համար 700-րդն էր ակումբային կարիերայում։ Բացի «Մանչեսթեր Յունայթեդից» (144 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտինգում» (5 գոլ), «Ռեալում» (450 գոլ) և «Յուվենտուսում» (101 գոլ):
Ռոնալդուին է պատկանում նաև ազգային հավաքականի գոլերի համաշխարհային ռեկորդը՝ 117:
























































