Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վալյադոլիդի» կազմում, նշել է, որ Կեյլոր Նավասի՝ «արքայական» ակումբից հեռանալը անակնկալ է եղել իր համար։
«Ոչ ոք չգիտեր, որ Նավասը հեռանալու է «Ռեալից»։ Ես շանս կունենայի թիմում մնալու, եթե այդ տեղեկությունը ավելի շուտ հայտնի դառնար։ Ես կպայքարեի մեկնարկային կազմում տեղի համար։ Եթե իմանայի, որ Նավասը հեռանալու է, կմնայի «Ռեալում»»,-Լունինի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լունինը նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով հանդես եկավ «Լեգանեսում»։ Մինչ այս մրցաշրջանի ավարտը՝ 2020-ի հունիսը, Լունինը վարձակալությամբ հանդես է գալու «Վալյադոլիդում»։
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Կեյլոր Նավասը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց ՊՍԺ։