«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է «Ռոմայի» հետ հանդիպումը (1:2)։ Միլանյան ակումբն Ա Սերիայի 8-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվել էր «Ռոմային»։
«Հիասթափված ենք, որ պարտվեցինք, բայց առջևում Չեմպիոնների լիգայի կարևոր խաղ ունենք։ Սա ֆուտբոլ է: Սա մեր լավագույն խաղն էր այս մրցաշրջանում, բայց մենք դատարկաձեռն լքեցինք խաղադաշտը։ Սա ցավալի պարտություն է։
Որպես մարզիչ՝ ես հիանալի հանդիպում տեսա իմ թիմի կողմից։ Սալավագույնն էր Ա Սերիայում մեր 8 հանդիպումներից: Ցավոք, հիմա մենք պետք է բուժենք մեր վերքերը։
Ես տեսա թիմի ճիշտ արձագանքը, նրանք արեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Պարզապես պետք է աշխատել մանրուքների վրա, քանի որ մենք երկու ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք:
Մենք վերլուծել ենք «Ուդինեզեի» դեմ հանդիպումը՝ այն չէր համապատասխանում մեր չափանիշներին: Բայց այսօր ես նորից տեսա իմ «Ինտերին»՝ այն թիմին, որը կարողացավ երկու տիտղոս նվաճել նախորդ մրցաշրջանում:
Բայց մեզ արդյունքներ են պետք։ Մենք բոլորս՝ և առաջին հերթին ես, պետք է կատարելագործվենք»,- ասել է Ինձագին DAZN-ին տված հարցազրույցում: