Միջազգային օլիմպիական կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել Երևանում կայացած Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ կոնգրեսի որոշումով։
«Մտահոգիչ հարցերի թվում են այն, որ ընտրություններ չեն եղել: Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի (FBU) անդամակցությունը դադարեցվել է համագումարից առաջ՝ վիճելի պատճառներով, ինչպես նաև քվեարկության ընթացքում խախտումներ են եղել»,-հայտարարել է ՄՕԿ-ը։
Կազմակերպության նախագահի նոր ընտրություն անցկացնելուն դեմ էին քվեարկել կոնգրեսի 106 մասնակիցներ, կողմ՝ 36։
Այդ քվեարկության շնորհիվ IBA-ի ռուսաստանցի նախագահ Ումար Կրեմլյովը ևս չորս տարի կղեկավարի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան։
«IBA-ն անկախ և ուժեղ կազմակերպություն է։ Մեր այսօրվա համագումարը ապացուցեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Հիմա ես տնօրենների խորհրդին կներկայացնեմ չորս տարվա զարգացման ծրագիրը։ Ես հստակ տեսլական ունեմ, թե ինչ պետք է անենք մեր նպատակներին հասնելու համար», — Կրեմլյովի խոսքերն է մեջբերում IBA-ի կայքը:
ՄՕԿ-ը Երևանում կայացած կոնգրեսի որոշումը կքննարկի գործկոմի առաջիկա նիստում։
2019 թվականից ՄՕԿ-ը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունից պահանջում է իրագործել բարեփոխումներ։ IBA-ն զրկվել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի բռնքամարտի մրցաշարի կազմակերպումից։