Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում ավարտված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Նվաճած մեդալից հետո Հարությունյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում.
«Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Արդբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում: Իմ նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:
Այսօր՝ առավել քան երբևէ, համոզված ենք, որ մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ ու անձնվեր պայքարով։
Աստված պահապան մեր զինվորներին։ Թող այլևս սահմանին ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չունենանք»,- գրել է Հարությունյանը:
Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և 12:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հարությունյանը 0:10 հաշվով պարտվել է Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Արսենը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել:
Սփոփիչ գոտեմարտում էլ Հարությունյանն ուժերն է չափել Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր, Ալբանիայի ներկայացուցիչ Իսլամ Դուդաևի հետ և 12:11 հաշվով կամային հաղթանակ տարել: