Սեպտեմբերի 25-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը: Օրակարգի առանցքային թեման լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Եթե Կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունը «այո» քվեարկի, ապա օրակարգի այս կետի վերաբերյալ տեղի կունենան IBA-ի նախագահի նոր ընտրություններ: Համագումարում քվեարկելու իրավունք ունեն IBA -ի 171 ֆեդերացիաներ։
Եթե ընտրությունները կայանան, պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ IBA-ի ներկայիս նախագահ Ումար Կրեմլյովը և Նիդեռլանդների բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բորիս վան դեր Վորստը:
Եթե ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները դեմ քվեարկեն ընտրությունների անցկացմանը, երկրորդ քվեարկությունը տեղի չի ունենա, և Ումար Կրեմլյովը կմնա IBA-ի նախագահ՝ չորս տարի ժամկետով։
Այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած Կոնգրեսում Ումար Կրեմլյովն առանց մրցակցության ընտրվեց IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուն՝ Վան դեր Վորստը, կասեցվել էր քարոզարշավի կանոնները խախտելու համար: Այնուամենայնիվ, հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) արդարացրեց Վան դեր Վորսթին, որից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշեց անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։