Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր կայացած բաց մարզման ընթացքում հայտարարել է աշխարհի առաջնություն մեկնող կազմն ու պատասխանել լրագրողների հարցերին։
Նշենք՝ ազատ ոճայինները Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 6 ըմբիշով․
«6 հոգին մեր երկրի համար քիչ թիվ չէ, հատկապես երբ հաշվի ենք առնում նրանց որակները։ Մնացած 4 քաշային կարգերում, ցավոք, այս պահին չունենք մարզիկներ։ Երիտասարդական հավաքականում հեռանկարային տղաներ ունենք, որ հետագայում կարող են համալրել մեծերի կազմը, բայց այս պահին դեռ չունենք»,- ասում է Հաբեթնակ Կուրղինյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենց գլխավոր խնդիրն աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն է․ «Տղաները լավ մարզավիճակում են, ցանկացած գոտեմարտում պայքարելու են հաղթանակի համար։ Նրանք արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը միջազգային մրցաշարերում։ Դժվար է կանխատեսումներ անելը, բայց վստահ եմ՝ ավելի լավ հանդես կգանք, քան աշխարհի նախորդ առաջնությունում։ Այս մեկ տարվա մեջ դրական մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին վկայում են նաև այս ընթացքում կայացած Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում և ուսումնամարզական հավաքներում գրանցած արդյունքները։ Նախորդ տարվա համեմատ իրենց վիճակն ավելի լավ եմ գնահատում։ Տղաների հնարավորությունները հիմա ավելի բարձր եմ գնահատում։ Թե ինչպիսին կլինի իրավիճակը մեդալների առումով, ժամանակը ցույց կտա»։
Հիշեցնենք՝ նախապատրաստվելով առաջիկա ստուգատեսին՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում։ Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։