«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Դարպասապահը վնասվածք է ստացել նախամրցաշրջանային հավաքակի ժամանակ և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո (0։4) չի մասնակցել ընկերական խաղերին։ Օրերս, նա վերսկսել է մարզումները, բայց դեռ պատրաստ չէ դաշտ դուրս գալ։
Թիմի հարձակվող Դիոգու Ժոտան նույնպես բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը։ Պորտուգալացին մկանային վնասվածք է ստացել։
«Ալիսոնն ու Ժոտան չեն մասնակցի խաղին։ Ալին այսօր մարզվել է ավելի շատ, քան երեկ, բայց նա պատրաստ կլինի միայն «Ֆուլհեմի» դեմ խաղին։
Նույնը կարող եմ ասել նաև Ժոտայի մասին։ Նա այստեղ չի եղել մեզ հետ, այնպես որ, ինչպե՞ս նա կարող էր ֆուտբոլ խաղալ։ Ցավոք, նրա ապաքինումը որոշակի ժամանակ է պահանջում»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Կլոպի թիմը կխաղա «Ֆուլհեմի» հետ։ Այդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 6-ին։