«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը թիմի հետ չի մեկնի ԱՄՆ՝ ուսումնամարզական հավաքի։ Այս մասին գրում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պատճառը ֆուտբոլիստի՝ քովիդի դեմ ոչ պատշաճ կերպով պատվաստված լինելն է։ Գյունդողանը ԱՄՆ-ում լիարժեք պատվաստված չի համարվում, քանի որ միայն մեկ դեղաչափ է ներարկվել։ Կիսապաշտպանը նախորդ ամառ պատվաստվել է և լիարժեք պատվաստված համարվել Գերմանիայում, քանի որ մինչ այդ վարակված է եղել կորոնավիրուսով։
Նշվում է, որ ֆուտբոլիստն ավելի վաղ իմացել է, որ ԱՄՆ տարածք մուտք գործելու համար իրեն ևս մեկ դեղաչափ պատվաստանյութ է անհրաժեշտ և պատրաստ է եղել դրան, բայց բժիշկները խորհուրդ են տվել չպատվաստվել, քանի որ հունիսին նա նորից վարակված է եղել կորոնավիրուսով։
Գյունդողանից բացի ԱՄՆ մեկնելու հայտացուցակում տեղ չեն գտել պաշտպաններ Ջոն Ստոունզը և Էմերիկ Լապորտը, ինչպես նաև կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։