«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Չարլի Մուսոնդան անհետացել է «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի հետ հաջող բանակցություններից հետո, հայտնում է The Mirror-ը։
25-ամյա բելգիացին, որի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվել է 2022 թվականի հուլիսի սկզբին, համաձայնության է եկել բելգիական ակումբի հետ՝ նոր պայմանագրի կնքման շուրջ, բայց արդեն մի քանի շաբաթ է անհետացել է։
«Ե՞րբ Մուսոնդան կվերադառնա մարզումներին․ ես չգիտեմ։ Արդյոք նա առհասարակ կվերադառնա՞․ գաղափար անգամ չունեմ։
Ես չգիտեմ՝ արդյոք մենք նրան հրաժե՞շտ կտանք, քանի որ այն ժամանակից ի վեր, ինչ նա մեզ հետ մարզվում էր, անցել է մոտ երկու շաբաթ։ Այդ ժամանակից նրա հետ ոչ մի կապ չի եղել։ Մեզ համար կարևոր է կենտրոնանալ այն խաղացողների վրա, ովքեր հիմա մեզ հետ են»,- ասել է ակումբի տնօրեն Էդի Կորդյեն։
Մուսոնդան «Անդերլեխտի» ակադեմիայի սան է։ 16 տարեկանում նա տեղափոխվել է «Չելսի» , բայց հիմնական կազմում ամրապնդվել այդպես էլ չի կարողացել։ Վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Բետիսում», «Սելթիկում» և «Վիտեսում»։
























































