Կոնֆերենցիաների լիգայի «Շկենդիա»-«Արարատ» խաղից առաջ տեղի է ունեցել մեր թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ասուլիսը։
«Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հուլիսի 6-ին Սկոպյեում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ հնարավորինս լավ ուսումնասիրել են մրցակից թիմին` «Շկենդիային», ու պատրաստ են երկխաղյա դիմակայությանը։
«Շկենդիայից կառանձնացնեմ ենթահարձակվող Ֆերհան Հասանիին, եզրային պաշտպան Մևլան Մուրատիին և կենտրոնական հարձակվող Սիդրիտ Գուրիին:
Տեղյակ ենք, որ վերջին 5 տարում 3 անգամ չեմպիոն են դարձել և եվրագավաթներում բավականին լավ հաջողություններ ունեն՝ ընդհուպ հասնելով մինչև փլեյ-օֆ, որտեղ հանդիպել են «Տոտենհեմի» և «Միլանի» նման թիմերի, որոնց պարտվելով լքել են պայքարը։
«Շկենդիան» Սլովենիայում հավաք է անցկացրել․ դիտել և ուսումնասիրել ենք նրանց հանդիպումները «Մարիբորի» և Զագրեբի «Դինամոյի» հետ։
Ամեն ինչ կանենք, որպեսզի երկու խաղի արդյունքում դուրս գանք հաջորդ փուլ և ըստ դրա կընտրենք մարտավարություն յուրաքանչյուր խաղի համար»,- նշել է «Արարատի» գլխավոր մարզիչը։
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիյա»-«Արարատ» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 7-ին, Սկոպյեում։