Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին, կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ՝ ավելացնելու փորձառությունը. «Միքայել Միքայելյանն օգոստոսին կմեկնի Նորվեգիա՝ կարճ ուսումնամարզական հավաքի: Սեպտեմբերին Նորվեգիայի հավաքական թիմի հետ ևս մեկ հավաքի կմեկնի, իսկ հոկտեմբերին կմասնակցի աշխարհի գավաթին ու միջազգային որոշ մրցաշարերի` ներկայացնելով Հայաստանը»:
Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասն ասում է՝ Միքայելը շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի՝ էլ ավելի լավը դառնալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք ունեն պոտենցիալ՝ աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մարզվելու և հավաքներ անցկացնելու:
«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դահուկասպորտում: Հասցրել եմ մի շարք վայրերում լինել, օրինակ, Աշոցքում, համոզվել եմ, որ առկա են բոլոր պայմանները՝ Հայաստանում դահուկասպորտն էլ ավելի զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու համար: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել Ձեր երկրում: Մրցակցության տեսանկյունից էլ լավ կլինի, որ այս մարզաձևը հնարավորինս շատ երկրներում զարգանա, ու մենք դրա համար պատրաստ ենք մեր օգնությունը տրամադրել՝ մարզումների, մարզիչների վերապատրաստումների և այլ հարցերով»,- ասել է Պեռ Էլիասը: