«Բավարիան» փորձում է համոզել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն՝ ավարտին հասցնել իր պայմանագիրը, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը հանդիպել է Լևանդովսկու հետ, որպեսզի նրան փորձի համոզել մնալ մյունխենյան ակումբում: Անցած չորեքշաբթի Սալիխամիջիչը ժամանել է նրա՝ Մալյորկայի բնակարանը: Սակայն հանդիպումը չի տվել ցանկալի արդյունքը, քանի որ Լևանդովսկին վճռական է տրամադրված և ցանկանում է հեռանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Չելսին» և ՊՍԺ-ը:
Մայիսի 30-ին Լևանդովսկին հայտնել է, որ իր ժամանակաշրջանը «Բավարիայում» ավարտվել է և նա ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից: Նախորդ մրցաշրջանում նա «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: