«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին:
«Դա անհանգստություն կառաջացնի Պրեմիեր լիգայի մյուս ակումբների համար: Խոսքը մի ֆուտբոլիստի մասին է, ով արդեն այդքան երիտասարդ տարիքում դարձել է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Բայց ես չեմ կարծում, որ մենք մնացածներս պետք է անմիջապես սպիտակ դրոշ բարձրացնենք, քանի որ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է նա հարմարվում նոր թիմում։
Վերջին տարիներին Պեպ Գվարդիոլան չի օգտագործում կենտրոնական հարձակվող ու դեռ հաջողության է հասնում։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Հոլանդը մտնելու խաղային համակարգի մեջ, բայց ֆանտաստիկ է մեր լիգայում ունենալ աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Դա այնքան էլ հաճախ չի լինում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նման երիտասարդ խաղացողներին:
Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Սիթիին» հեշտ չի լինի կանգնեցնել: Նրանք շատ խաղացողներ ունեն, ովքեր չեն խաղում կենտրոնով։ Նրանք շատ լավ են կարողանում պահել գնդակը և վերահսկել խաղը: Բայց, թերևս, որոշ չափով նրանք կկորցնեն այդ հատկանիշները։ Այնպես որ, չեմ կարծում, որ կարելի է վստահորեն ասել, որ «Սիթին» կհաղթի բոլոր մրցաշարերում»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: